Լուրեր
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան
15 Օգոստոս 2023 | Լուրեր | Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա | Լևոն Գրիգորիի Բադալյան
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում։
Քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լեւոն Բադալյան ը NEWS.am Medicine-ին ասաց, որ այս երկու մեթոդների առավելությունն այն է, որ դրանք գրեթե չունեն կողմնակի ազդեցություններ։ Պացիենտները կարող են երկար ժամանակ ստանալ այս թերապիան, եւ դա որեւէ կերպ չանդրադառնա նրանց ինքնազգացողության վրա։ Թիրախային թերապիան նաեւ առանձնանում է նրանով, որ դեղերն ընտրվում են կոնկրետ պացիենտի համար՝ ըստ ուռուցքի տեսակի։
«Ինչպե՞ս է այդ դեղորայքն ընտրվում հենց այդ ուռուցքի համար՝ պացիենտի ուռուցքի նյութի այդ հյուսվածքային նյութի վրա հատուկ հետազոտություն է արվում լաբորոտորիայում, դրանք կոչվում են մոլեկուլյար գենետիկ հետազոտություններ, եւ այդ հետազոտությունները, այսպես ասած գտնում են ուռուցքի վրա թույլ տեղեր։ Դրանք հատուկ մուտացիաներ են, եւ այդ թույլ տեղերը եթե կարողանում ենք գտնել, դրան համապատասխան դեղամիջոցներ կան ու հասկանում ենք , որ այս հիվանդությանը կոնկրետ, այս դեղամիջոցը կօգնի։ Մոլեկուլյար հետազոտությունները, որոշները կարողանում ենք կատարել Հայաստանում, այստեղ կան շատ լավ լաբորոտորիաներ, որոնք դա իրականացնում են։ Բայց որոշ դեպքերում, եթե անհրաժեշտ է լինում ավելի խորացված հետազոտություն, մենք ունենք հնարավորություն այդ ուռուցքային նյութը ուղարկում ենք Գերմանիա, կատարվում է էդ ուռուցքի շատ խորացած գենետիկ պրոֆիլավորում եւ մենք կարողանում ենք հաճախ գտնել այդ թիրախային դեղերը», – ասաց նա։
Իմունաթերապիան դեղորայքային բուժման այլ մեթոդներից տարբերվում է նրանով, որ այն ոչ թե ներգործում է կոնկրետ ուռուցքի վրա, այլ գործարկում է օրգանիզմի սեփական իմունային մեխանիզմները ՝ քաղցկեղի դեմ պայքարելու համար։
«Ցանկացած ուռուցք, որը որ օրգանիզմի մեջ արդեն կա, գոյատեւել է երկար ժամանակ, նա պաշտպանվում է մեր իմունիտետից։ Իրականում մարդու իմունային համակարգը բավականին ուժեղ է։ Պարզապես այդ ուռուցքը հատուկ պաշտպանիչ շերտով անտեսանելի է մեր իմունիտետի համար։ Իսկ իմունաթերապիայի այդ դեղամիջոցը այնպես է անում, որ այդ ուռուցքային բջիջների վրայից այդ պաշտպանիչ շերտը հանում է, եւ իմունային մեր սեփական բջիջները արդեն տեսնում են եւ գրոհում են, պայքարում են ուռուցքի դեմ։
Այսինքն` ստացվում է իմունաթերապիան չարորակ ուռուցքի դեմ բուժման ամենաբնական տարբերակն է։ Հենց մեր օրգանիզմը ինքն է պայքարում ուռուցքի դեմ։ Եվ այդ պատճառով էլ, պատահական չէ, որ իմունաթերապիան այսօր ամբողջ աշխարհում համարվում է ամենաժամանակակից, ամենաարդիական բուժման մեթոդը ուռուցքաբանության ոլորտում եւ ամենախոստումնալիցը, ամենահեռանկարայինը», – ասաց նա։
Ըստ Լեւոն Բադալյանի, «Նաիրի» բուժկենտրոնը իմունաթերապիայի կիրառման արդեն բավականին երկարատեւ, լավ արդյունքներով փորձ ունի։ Անգամ մետաստազներով, անհույս հիվանդների է հաջողվել ոտքի կանգնեցնել։
Ներզարկերակային քիմաթերապիա. Սա բուժման եւս մեկ մեթոդ է, որը հաջողությամբ կիրառվում է Նաիրի ԲԿ–ում։ Լեւոն Բադալյանի խոսքով՝ այս մեթոդը հնարավորություն է տալիս ազդել անմիջականորեն ուռուցքի վրա։
«Սովորական դեղամիջոցը, որը պացիենտը ընդունում է կամ ներարկվում է, ինքը արյան շրջանառության մեջ է մտնում եւ արյան մեջ շրջանառվելով, քիչ-քիչ, աստիճանաբար նաեւ մտնում է, այսպես ասած, ուռուցքային անոթների մեջ, աշխատում է ուռուցքի վրա։ Ներզարկերակային մեթոդի էությունըն այն է, որ մենք գտնում ենք ուռուցքը սնուցող անոթը, զարկերակը, հատուկ կատետեր է ներմուծվում դրա մեջ, եւ այդ դեղամիջոցը ներմուծվում է անմիջապես էդ ուռուցքը սնուցող անոթի մեջ։ Դա շատ ունիկալ եւ շատ արդյունավետ մեթոդ է։ Ցավոք ոչ բոլոր ուռուցքների դեպքում է դա աշխատում։ Հիմնականում դա կիրառվում է լյարդի ուռուցքների կամ լյարդի մետաստազների բուժման մեջ», – ասաց բժիշկը։
Լեւոն Բադալյանի խոսքով՝ քաղցկեղի բուժման մեջ չկա ունիվերսալ մեթոդ, որն արդյունավետ է բոլոր պացիենտների դեպքում։ Հարկավոր է անհատական մոտեցում. ուռուցքի համակողմանի ուսումնասիրությունից հետո յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում է ի՛ր թերապիան։ Ընդ որում, կարեւոր գործոն է թերապիայի տանելիությունը. Բժիշկը դա պետք է հաշվի առնի բուժման սխեման կազմելիս։
«Կյանքի որակը միշտ պետք է լինի առաջնահերթ։ Այսինքն՝ մի կողմից արդյունավետությունը բուժման, մյուս կողմից՝ կյանքի որակը, եւ այդ երկուսն էլ... պետք է անել ամեն ինչ, որպեսզի պահել մաքսիմալ նիշերի վրա։ Ժամանակակից քիմիաթերապիան ենթադրում է, որ պացիենտը չպետք է տանջվի, նա պետք է հանգիստ իր բուժումները ստանա։ Այո որոշակի կողմնակի երեւույթներ կարող է ունենալ, բայց ընդունելի սահմաններում։ Տանջանքներ, տառապանքներ, ցավեր այդ բուժումներից չի նախատեսվում, չպետք է լինի», – ասաց բժիշկը:
Նմանատիպ հոդվածներ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն