Լուրեր
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ
04 Դեկտեմբեր 2022 | Լուրեր | Գինեկոլոգիա և կնոջ առողջություն | Գինեկոլոգիական ուռուցքներ | Արտեմ Ստեփանյան
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում:
Նորությունների նպատակը երկուսն է. առաջինը բուժառուի կյանքը երկարացնելն է, կամ բուժման հնարավոր բոլոր մեթոդները կիրառելը, երկրորդի դեպքում՝ ուռուցքով հիվանդի կյանքի բավարար որակն ապահովելը:
Ուռուցքաբանության ոլորտի զարգացման և «Նաիրի» ԲԿ-ում դրանց ներդման մասին զրուցեցինք օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արտեմ Ստեփանյանի հետ:
Ի՞նչ հետաքրքիր նորություններ կան ուռուցքաբանության մեջ այսօր:
Ընդհանրապես, արգանդի վզիկի քաղցկեղի սկզբնական փուլերում ընդունված է իրականցնել, այսպես կոչված, Վերթայմի վիրահատությունը:
Առաջին անգամ Վերթայմն իր վիրահատության մասին տվյալներ է հրապարակել 1901 թվականին, որոնք մշակվել են 1800-ականների վերջում:
Այսինքն դա անցյալ, նախանցյալ դարերում իրականացված բավականին արդյունավետ վիրահատական մեթոդ է:
Ժամանակն առաջ է հոսում, և ոչ մի բան չի կարող անփոփոխ մնալ: Եվ ահա, 21-րդ դարում Գերմանիայում մշակվել է նոր՝ էմբրիոլոգիական վիրահատությունը, որը կոչվում է տոտալ մեզոմետրիալ ռեզեկցիա:
Ինչո՞վ է այդ վիրահատությունը տարբերվում ստանդարտ Վերթայմի վիրահատությունից:
Տոտալ մեզոմետրիալ ռեզեկցիայով վիրահատությունը հիվանդների բուժման արդյունավետությունը բարձրացնում է 20 տոկոսով` համեմատած նախկին մեթոդներին: Նրանք նաև չեն ստանում հետվիրահատական ճառագայթային բուժում, և հետվիրահատական բարդությունների քանակը մոտավորապես 2 անգամ ավելի ցածր է, քան ստանդարտ ռադիկալ հիստերէկտոմիայից հետո:
Ներկայում այդ վիրահատությունը հասանելի է «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժառուներին:
Ինչպե՞ս է իրականացվում վիրահատությունը:
Վիրահատությունն իրականացվում է` առաջնորդվելով ոչ թե ֆունկցիոնալ, այլ էմբրիոլոգիական անատոմիայից, այսինքն հեռացվում է էմբրիոլոգիական հյուսվածք՝ փաթեթ, որտեղ տեսականորեն գտնվում են չարորակ ուռուցքի բջիջները:
Այս դեպքում ուռուցքի կրկնության հավանականությունը 20 տոկոսով ավելի ցածր է, քան ստանդարտ ռադիկալ վիրահատությունների դեպքում:
Ի՞նչ նորարարություններ կան արգանդի ուռուցքների բուժման գործընթացում:
Արգանդի քաղցկեղի բուժման մեջ բավականին հետաքրքիր նորություններ կան: Առաջինն այն է, որ սկզբնական փուլերում արգանդի քաղցկեղը 90 տոկոսից ավելի դեպքերում վիրահատվում է լապարոսկոպիկ եղանակով:
Երկրորդ կարևոր նորությունն է, որ այսօր, որպես բուժման ոսկե ստանդարտ, ընդունվել է արգանդի քաղցկեղի ֆլյուրեսցենտ նավիգացված վիրաբուժությունը: Այդ վիրահատությունը այս տարվանից` 2022-ից, կիրառվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Բուժման նոր մեթոդը թույլ է տալիս վիրահատել արգանդի քաղցկեղն առավել արդյունավետ. վիրահատության հաջորդ օրը բուժառուն կարող է տուն գնալ:
Հարկ է նշել, որ վիրահատության ժամանակ հատուկ ֆլուրեսցենտ սարքի միջոցով հնարավոր է տեսնել այն ավշային հանգույցները, որտեղ կարող են գտնվել քաղցկեղի բջիջներ:
Ի՞նչ նոր մեթոդներ են կիրառվում ձվարանի քաղցկեղի բուժման գործընթացում:
Ձվարանի քաղցկեղը մինչև վերջերս համարվում էր անբուժելի հիվանդություն՝ բարձր մահացությամբ: Ներկայում այդ խնդրի լուծման շատ արդյունավետ միջոցներ կան՝ ժամանակակից քիմիաթերապիա, մոնոկրոնալ հակամարմինների կիրառում, թիրախային բուժում և այլն: Այդ միջոցներն արդյունավետ են, բայց բուժման հիմնաքարը մնում է վիրաբուժական մեթոդը:
Ձվարանի քաղցկեղը բավականին բարդ բժշկական խնդիր է և պահանջում է ծավալուն ցիտոռեդուկտիվ վիրահատություններ: Այդ վիրահատությունների ժամանակ կատարվում է ամբողջ որովայնամզի հեռացում, բազմաթիվ օրգանների ռեզեկցիաներ, որոնք դասական վիրաբուժության մեջ համարվում էին անհնարին կամ շատ բարդ միջամտություններ: Սակայն մասնագիտացված կենտրոններում դրանք հնարավոր է իրականացնել բարձր արդյունավետությամբ:
Ներկայում ընդունված է, որ ձվարանի տարածված քաղցկեղը պետք է բուժել հավաստագրված կենտրոնում, որտեղ գործում է անհրաժեշտ ամբողջ համակարգը՝ անեսթեզիոլոգիա, ռադիոլոգիա, ՈՒՁՀ, հյուսվածաբանական հետազոտություն, համապատասխան սարքեր և գործիքներ և, իհարկե, շատ կարևոր է փորձառու վիրաբուժական թիմը:
Բուժական նոր մոտեցումները որքանո՞վ են ազդել բուժառուների կյանքի տևողության վրա:
Առաջընթացը նկատելի է. 20 տարի առաջ այդ հիվանդների միջին ապրելիությունը կազմում էր մոտավորապես 22 ամիս, ներկայում հավաստագրված կենտրոններում բուժվածների միջին ապրելիությունը 8-10 տարի է:
Փաստորեն, հավաստագրված կենտրոններում նախկինում անբուժելի համարվող հիվանդների բուժման արդյունավետությունը գրեթե 200-300 տոկոս է:
Դա մեծ նվաճում եմ համարում:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն