Գլխավոր / Լուրեր / Դաստակային թունելի համախտանիշ

Լուրեր

Դաստակային թունելի համախտանիշ

14 Հուլիս 2022 | Լուրեր | Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա։ 

Համախտանիշը դրսևորվում է դաստակային թունելի ներսում միջնակ նյարդի ճնշման հետևանքով։ Ցանկացած վիճակ, որը բերում է դաստակային թունելի չափերի փոքրացման կամ նպաստում է այդ թունելի ներսում հյուսվածքների աճին, կարող է դաստակային թունելի համախտանիշի նշաններ առաջացնել։

Վերջին տարիներին այս համախտանիշին մեծ ուշադրություն է դարձվում՝ պայմանավորված այն ենթադրությամբ, որ այն կարող է կապված լինել դաստակի ծալիչ-տարածիչ մոնոտոն շարժումներ իրականացնող աշխատողների մասնագիտական գործունեության հետ, օրինակ, տեքստի հավաքում համակարգչի վրա կամ հավաքման աշխատանքներ։ Հաճախ հիվանդանում են, ձեռքի աշխատանքով զբաղվողները, համակարգչով աշխատողները, երաժիշտները, դերձակները, քարտուղարները, հացի արտադրամասում աշխատողները։ Իրականում այս վիճակը կարող է զարգանալ շատ մարդկանց մոտ՝ անկախ նրանց կողմից իրականացվող աշխատանքից։ Հիմնականում այդ խնդիրն առաջանում է կանանց մոտ։

Դաստակային թունելը բացվածք է, որն անցնում է նախաբազկից մինչև դաստակ: Ստորին մասում այն կազմում են դաստակի ոսկրերը, իսկ վերին մասում՝ դաստակի լայնաձիգ կապանը։ Այս բացվածքը ձևավորում է դաստակային թունելը։ Վերջինիս միջով անցնում են միջնակ նյարդը և ծալիչների ջլերը։ Միջնակ նյարդը գտնվում է ջլերի վերին մասում՝ դաստակի լայնաձիգ կապանի տակ։ Այն ապահովում է բութ մատի, ցուցամատի, միջնամատի և անանուն մատի կեսի զգայնությունը։

Միջնակ նյարդից դուրս է գալիս նաև ձեռքի բութ մատի մկանները կառավարող նյարդը։ Բթաթմբի (թենարի) մկաններն օգնում են բթամատին շարժվել և թույլ են տալիս բթամատի բարձիկով դիպչել ձեռքի յուրաքանչյուր մատի ծայրին, այս շարժումը կոչվում է «հակադրական»։

Ծալիչների ջլերը կարևոր դեր են խաղում, քանի որ ձեռքի մատներին և դաստակին թույլ են տալիս բռնող շարժումներ իրականացնել։

Պատճառները

Ցանկացած վիճակ, որը բերում է դաստակային թունելի չափերի փոքրացման կամ նպաստում է այդ թունելի ներսում հյուսվածքների աճին, կարող է առաջացնել դաստակային թունելի համախտանիշ։ Օրինակ, դաստակի վնասվածքը կարող է բերել այտուցի և դաստակային թունելում ավելցուկային ճնշման առաջացման։ Թունելի ներքին ծավալը կարող է փոքրանալ դաստակի կոտրվածքի կամ ոսկրերի տեղաշարժման հետևանքով, երբ վերջիններս հայտնվում են թունելի մեջ։

Դաստակային թունելի համախտանիշի նշանները կարող են առաջանալ նաև օրգանիզմի այլ վիճակներում։ Հղիության ժամանակ օրգանիզմում կուտակվող հեղուկի հետևանքով հնարավոր է դաստակային թունելում ավելցուկային ճնշման առաջացում։ Դաստակային թունելի համախտանիշի նշանները կարող են զարգանալ շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ՝ նյարդի ախտահարման (նեյրոպաթիա) կամ միջնակ նյարդի ճնշման հետևանքով։ Վահանաձև գեղձի ցածր գործառույթով՝ հիպոթիրեոզով հիվանդների մոտ ևս դաստակային թունելի համախտանիշի նշաններ հաճախ են առաջանում։

Ռիսկի գործոններից են.

  • ուժի կիրառումը,
  • մարմնի դիրքը,դաստակի դիրքը,
  • կրկնվող գործողությունները,
  • ջերմաստիճանը,
  • վիբրացիան։

Այս ռիսկի գործոններից որևէ մեկն առանձին չի կարող խնդիր առաջացնել։ Սակայն աշխատանքի եղանակը, որն իր մեջ ներառում է մի քանի գործոններ, կարող է մեծ ռիսկ լինել։ Որքան շատ է մարդը ենթարկվում մեկ կամ մի քանի ռիսկերի, այնքան ակնհայտ է դաստակային թունելի համախտանիշի առաջացման հավանականությունը։ Սակայն գիտնականները գտնում են, որ այլ գործոնները, ինչպիսիք են ծխելը, ճարպակալումը և կոֆեինի ընդունումը, կարող են ավելի կարևոր լինել դաստակային թունելի համախտանիշի զարգացման նկատմամբ մարդու նախատրամադրվածության աստիճանը որոշելիս։

Բացի այդ, այս համախտանիշը կարող է առաջանալ նաև սինովիալ թաղանթի գրգռման կամ բորբոքման հետևանքով վերջինիս կարծրացման ժամանակ։ Այս կարծրացումը դաստակային թունելում առաջացնում է ճնշում։ Քանի որ թունելը չի կարող երկարել կամ ընդլայնվել, դաստակի լայնաձիգ կապանն սկսում է ճնշել միջնակ նյարդը։ Ճնշման ավելացման դեպքում նյարդը դադարում է նորմալ գործել։

Թունելում անոմալ ճնշում առաջացնող ցանկացած վիճակ կարող է նպաստել դաստակային թունելի համախտանիշի առաջացմանը։ 

Արթրիտների տարբեր տեսակներ կարող են բերել դաստակային խողովակում այտուցի և ճնշման առաջացման։ Դաստակի ոսկրերի կոտրվածքի հետևանքով հնարավոր է դաստակային թունելի համախտանիշի զարգացում նաև այն դեպքում, երբ ոսկրային կտորներն առաջացնում են ծալիչների ջլերի անոմալ դիրք։

Միջնակ նյարդի ճնշման ժամանակ դանդաղում է նյարդի արտաքին թաղանթի արյունամատակարարումը, հնարավոր է նույնիսկ վերջինիս ընդհատում։ Այս վիճակը կոչվում է իշեմիա։ Սկզբում ախտահարվում է նյարդի միայն արտաքին թաղանթը։ Սակայն ճնշման շարունակական աճի դեպքում նյարդի ներքին մասն սկսում է հաստանալ։ Նյարդի ներսում առաջանում են նոր բջիջներ` սպիական հյուսվածք, որոնք կոչվում են ֆիբրոբլաստներ, հաջորդիվ` թմրածություն և ցավ։ Ճնշումն անմիջապես վերացնելու դեպքում ախտանիշներն արագ թուլանում են։ 

Հակառակ դեպքում ապաքինման շանսերը նվազում կամ նույնիսկ կորսվում են։

Ախտանիշները

Դաստակային թունելի համախտանիշի առաջին ախտանիշներից է թմրածության աստիճանական զարգացումն և ցավ այն շրջաններում, որոնց զգայնությունն ապահովում է միջնակ նյարդը։ Թմրածության զգացողություն առաջանում է հատկապես վաղ առավոտյան՝ գիշերային հանգստից հետո։

Ցավը կարող է տարածվել ձեռքով դեպի վեր՝ բազկի ուղղությամբ և նույնիսկ հասնել պարանոցին։ Տվյալ վիճակի հարաճման դեպքում բթամատի մկանները կարող են թուլանալ և ապաճել՝ դժվարացնելով դաստակի շարժումները։

Համախտանիշի շարգացման դեպքում դժվար է բթամատի բարձիկով դիպչել մյուս մատների ծայրերին, պահել տարբեր առարկաներ, օրինակ, ղեկը, թերթը կամ հեռախոսը, չեն կարողանում կոճկել կոճակները կամ կարտոֆիլ մաքրել։

Ախտորոշումը

Պացիենտի կողմից ախտանիշների նկարագրությունը և ֆիզիկական հետազոտումը դաստակային թունելի համախտանիշի ախտորոշման համար կարևոր բաղկացուցիչներ են։ Սովորաբար, սկզբում գանգատվում են գիշերը ցավից արթնանալուց և ամբողջ դաստակի թմրածության զգացողությունից։

Մանրակրկիտ հետազոտումը, սովորաբար, բացահայտում է, որ ճկույթն ախտահարված չէ։ Սա կարևոր տեղեկատվություն է ախտորոշման համար։

Եթե ախտորոշման համար անհրաժեշտ են լրացուցիչ տվյալներ, բժիշկը կարող է նշանակել էլեկտրական խթանմամբ հետազոտություն, որի օգնությամբ վերլուծվում է դաստակի նյարդերի ֆունկցիոնալությունը։ Որոշ թեստեր որոշում են, թե որքանով է գործում միջնակ նյարդը՝ ներառյալ նյարդի հաղորդականության արագության որոշման թեստը, որով պարզվում է նյարդի միջով իմպուլսներն անցնման արագությունը ։

Դաստակային թունելի համախտանիշը պետք է տարբերակել Առնոլդ-Կիարի անոմալիայից և ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքից։

Բուժումը

Կոնսերվատիվ բուժում
Պետք է փոփոխել կամ, հնարավորության դեպքում, դադարեցնել գործունեության այն տեսակները, որոնք նպաստում են ախտանիշների առաջացմանը։ Հարկ է խուսափել դաստակի կրկնվող, ուժեղ բռնող շարժումներից, վիբրացող գործիքներ բռնելուց կամ այնպիսի աշխատանքներ կատարելուց, որոնք պահանջում են դաստակի ծալում կամ տարածում։

Բանդաժ դաստակի վրա
Դաստակի վրա բանդաժը երբեմն թեթևացնում է ախտանիշները` դաստակային թունելի համախտանիշի վաղ շրջանում։ Այն պահում է դաստակը հանգստի վիճակում (առանց տարածման կամ ծալման)։ Այս դիրքում դաստակային խողովակը պահպանում է հնարավորին մեծ ծավալ՝ նյարդի համար ապահովելով մեծ տարածություն։ Բանդաժն օգնում է հանել թմրածության և ցավի զգացողությունը՝ բացառելով դաստակի շարժումները քնի ժամանակ։ Բանդաժը դաստակին կարելի է կրել նաև օրվա ընթացքում՝ ախտանիշները թուլացնելու և դաստակային խողովակում հյուսվածքների հանգիստն ապահովելու համար։

Դեղորայքային բուժում
Հակաբորբոքիչ, առանց դեղատոմսի վաճառվող դեղերը (իբուպրոֆեն, ասպիրին) կարող են նվազեցնել այտուցվածությունը և դաստակային թունելի համախտանիշի նշանները։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ վիտամին B6-ի բարձր դեղաչափերն օգնում են թուլացնել ախտանիշները։ Ֆիզիկական վարժությունների որոշ տեսակներ նույնպես կարող են կանխել կամ, առնվազն, վերահսկել դաստակային թունելի համախտանիշի ախտանիշները։

Եթե այս պարզ միջոցները չեն օգնում վերահսկել ախտանիշները, պետք է դիտարկել դաստակային խողովակի մեջ կորտիզոնի ներարկման տարբերակը։ Այս պատրաստուկը կիրառվում է խողովակում այտուցը վերացնելու և ախտանիշները ժամանակավորապես թուլացնելու համար։

Դա նաև օգնում է բժշկին` ախտորոշման հարցում։ Եթե հիվանդը նույնիսկ ժամանակավոր թեթևացում չի զգում ներարկումից հետո, այն կարող է վկայել այլ հիվանդության մասին, որոնք բերել են տվյալ ախտանիշների դրսևորման։

Ֆիզիոթերապիա
Բժիշկը կարող է խորհուրդ տալ դիմել ֆիզիոթերապևտի ։ Բուժման հիմնական նպատակը դաստակային խողովակում ճնշման նվազեցումն է կամ ճնշման պատճառի վերացումը։ Նա կարող է խորհուրդ տալ՝ ինչպես տեղաբաշխել սեփական մարմինը և ինչ դիրքում պահել դաստակը, ինչ ֆիզիկական վարժություններ իրականացնել և հուշել՝ ինչպես խուսափել ապագայում նման խնդիրներից։

Վիրահատական բուժում
Եթե ախտանիշները վերահսկելու փորձերը չեն հաջողում, առաջարկվում է վիրահատություն՝ միջնակ նյարդի վրա ճնշումը նվազեցնելու նպատակով։ Այդ կապակցությամբ մշակվել են մի քանի վիրահատություններ։

Ամենատարածված եղանակը բաց վիրահատությունն է` տեղային անզգայացմամբ։

Վերականգնում

Եթե կոնսերվատիվ բուժումը հաջող է անցել, բարելավում նկատվում է 4-6 շաբաթ անց։ Հնարավոր է՝ ստիպված լինեք շարունակել դաստակի շինան կրել գիշերը՝ ախտանիշները վերահսկելու և քնի ժամանակ դաստակի ծալումը խոչընդոտելու համար։

Վիրահատությունից հետո ցավային զգացողությունները նվազում են, հաջորդում է թեթևացումը, սակայն հնարավոր է կտրվածքի տեղում ցավային զգացողության պահպանում մի քանի ամիսների ընթացքում։ Այս դեպքում վերականգնողական շրջանը երկար է տևում։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն