Պացիենտի կրթություն

Էխոէնցեֆալոգրաֆիա

Էխոէնցեֆալոգրաֆիան (ուլտրաձայնային էնցեֆալոգրաֆիա, նեյրոսոնոգրաֆիա) ուլտրաձայնի օգնությամբ գլխուղեղը հետազոտելու մեթոդ է։ 

Գլխի փափուկ հյուսվածքները, գանգի ոսկրերը, գլխուղեղի հյուսվածքն ունեն տարբեր ակուստիկ դիմադրություն և տարբեր աստիճանով են անդրադարձնում ուլտրաձայնը։

Հետազոտության իրականացման ժամանակ բժիշկն ուլտրաձայնային տվիչները տեղադրում է ուղեղի միջին կառուցվածքների պրոյեկցիայի տեղում, գրանցում և չափում է անդրադարձած ազդակները։ Հետազոտությունից հետո բժշկի կողմից իրականացվում է գրանցման վերծանում, և հաջորդ օրը պացիենտին տրվում է հիմնական չափումների արտատպումը և բժշկի եզրակացությունը։ Հետազոտությունը տևում է 10-15 րոպե։

Տվիչի կողմից բաց թողնված ՈՒՁ ճառագայթը գլխուղեղի տարբեր շրջաններից անդրադառնում է անհամաչափ, ինչը համակարգչային մշակման ժամանակ թույլ է տալիս որոշել ուղեղի միջին կառուցվածքների տեղակայման համաչափությունը և փորոքների չափերը։ 

Արտահայտված ծավալային գոյացությունների ժամանակ (ուռուցք, արյունազեղում) ազդակների համաչափությունը խանգարվում է, տեղի է ունենում դրանց շեղում, լրացուցիչ ազդակներ են առաջանում։ Ներգանգային ճնշման զգալի բարձրացման դեպքում տեղի է ունենում ուղեղի փորոքների լայնացում և պուլսացիայի ուժեղացում։

Հետազոտության իրականացման ցուցումները.

  • գլխացավեր, միգրեն,
  • ընդհանուր թուլության նոպաներ, վատ ինքնազգացողություն, աչքերի առջև «մրջյունների» առաջացում, օդի պակասի զգացում, վեգետաանոթային դիստոնիա,
  • գիտակցության հանկարծակի կորստի դրվագներ,
  • գանգուղեղային վնասվածք, գլխի ուժեղ հարվածներ, գլխուղեղի ցնցում,
  • ներգանգային ճնշման բարձրացման նշաններ՝ ըստ ակնաբույժի զննման տվյալների։

Էխոէնցեֆալոգրաֆիան գլխուղեղի հիմնական կառուցվածքների վիճակի առաջնային գնահատման անվտանգ, անցավ և տեղեկատվական մեթոդ է, որը չունի տարիքային սահմանափակումներ և հակացուցումներ։

Էխոէնցեֆալոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել.

  • ուղեղի ծավալային ախտահարումները (ուռուցքներ, հեմատոմաներ, աբսցեսներ, օտար մարմիններ և այլն),հիդրոցեֆալիա,
  • ներգանգային գերճնշում,
  • արյունազեղումներ,
  • ուղեղի այտուց։

Արտահայտված փոփոխությունների հայտնաբերման դեպքում հիվանդին կարող է խորհուրդ տրվել գլխուղեղի համակարգչային կամ մագնիսառեզոնանսային շերտագրության իրականացում։


JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն