Պացիենտի կրթություն

ԷՍԳ Հոլթեր մոնիթորինգ

Հոլթեր մոնիթորինգը սրտի հետազոտման ժամանակակից տեղեկատվական մեթոդներից է։ Հոլթեր մոնիթորինգի արդյունքները պայմանավորված են կլինիկական իրավիճակով։ Այն տեղեկատվական է միայն այն ժամանակ, երբ ինքնազգացողության վատթարացումները բավականին հաճախ են տեղի ունենում, և կա իրական անհրաժեշտություն դրանք գրանցել 24-48 ժամվա ընթացքում։

Տվյալ մեթոդը հնարավորություն է տալիս իրականացնել մի քանի ժամից մինչև 48 ժամ տևողությամբ էլեկտրասրտագրության (ԷՍԳ) գրանցում՝ օրվա ընթացքում, մարդու համար սովորական պայմաններում՝ տանը, աշխատավայրում, ավտոմեքենայում, քնի ժամանակ՝ առանց անհարմարավետություն պատճառելու։

Հոլթեր մոնիթորինգը պարզ և անվտանգ հետազոտություն է։ Առաջին օրը տեղադրվում է մոնիթորը, որը տևում է մոտավորապես 10 րոպե և հատուկ նախապատրաստում չի պահանջում։ Հաջորդ օրը մոնիտորը հանվում է և իրականացվում տվյալների վերլուծություն։

Որոշ դեպքերում անհրաժեշտ է օրագիր վարել, որտեղ պետք է գրել այն ամենը, ինչ վերաբերվում է սրտի աշխատանքին. նշել ֆիզիկական ակտիվության, քնի, սննդի և դեղորայքի ընդունման ժամը և այլն։

Հոլթեր մոնիթորինգի ժամանակ որևէ սահմանափակման կարիք չկա։ Պետք է առօրյա գործունեություն վարել՝ առանց ծանրաբեռնվածությունը սահմանափակելու։

ԷՍԳ շուրջօրյա գրանցում խորհուրդ է տրվում, առաջին հերթին, նրանց, ովքեր տհաճ զգացողություններ ունեն սրտի շրջանում, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն սեփական առողջության նկատմամբ։

Հոլթեր մոնիթորինգը հնարավորություն է տալիս.

• հայտնաբերել սրտի իշեմիկ հիվանդությունը,
• հետևել սրտի ռիթմը վարող սարքի ֆունկցիայի խանգարմանը,
• ժամանակին հայտնաբերել սրտամկանի «համր» իշեմիան,
• տարած սրտամկանի ինֆարկտից հետո վերահսկել սրտի գործունեության խանգարումը և արյունամատակարարումը,
• հայտնաբերել սրտի ռիթմի բարդ խանգարումները, որոնք կարող են սրտի հանկարծակի կանգ առաջացնել։

Հոլթեր մոնիթորինգի ժամանակ գնահատվում է ո՛չ միայն ԷՍԳ-ն, բժշկի մոտ նաև տիրապետում է հիվանդի գանգատների և գործողությունների նկարագրությանը։ Շատ կարևոր է ԷՍԳ փոփոխությունների ժամանակ ախտանիշների նկարագրությունը՝ օբյեկտիվ պատկերի և սուբյեկտիվ դրսևորումների միջև համապատասխանությունը գնահատելու համար։

Հոլթեր մոնիթորինգի ժամանակ խորհուրդ է տրվում վարել օրագիր, որում նշվում է հետազոտվողի ինքնազգացողությունը, գանգատները, գործունեության տեսակը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, դեղերի ընդունումը, արթմնիության և քնի ժամանակը։

Սարքի տեղադրումից հետո տրվում է օրագրի տպված ձև, որը պետք է ձեռքով լրացվի՝ օրվա համապատասխան ժամերին նշելով իրականացված գործողությունները և ինքնազգացողությունը։

Նախևառաջ նշվում է մոնիթորինգի ընթացքում զբաղմունքի բնույթը և ֆիզիոլոգիական վիճակը՝ քուն, ֆիզիկական վարժություններ, քայլք, վազք, ավտոմեքենայի վարում, հուզական սթրեսներ։

Հստակ՝ ըստ ժամերի, նշվում են գանգատները, որի հետ կապված իրականացվում է մոնիթորինգը և այլ սուբյեկտիվ զգացողությունները՝ թուլություն, գլխապտույտ, ճնշում կրծքավանդակում, խեղդոցի զգացում, սրտխփոց, թուլություն, ցավ սրտի շրջանում կամ այլ տեղակայման ցավ։

Առաջարկվում է նշել ցավի բնույթը (բութ, ճնշող, ծակող, սեղմող և այլն) և տևողությունը։ Պետք է նշել, թե ինչ պայմաններում է այն առաջացել (ֆիզիկական կամ հուզական լարվածությունից հետո, հանգստի ժամանակ և այլն) և ինչպես է անցել (քայլելու ժամանակ, կանգնելիս, դեղորայքի ընդունումից հետո)։

Նշել դեղերի ընդունման ժամանակը և անվանումը

Հոլթեր մոնիթորինգի արդյունքների վերլուծությունից առաջ բժիշկը օրագրի տվյալները ներմուծում է համակարգիչ։ Այդ պատճառով օրագրի վարումը չափազանց կարևոր է որակյալ հետազոտության և վերլուծության ճշգրիտ արդյունքներ ստանալու համար։


JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն