Օնկոօրթոպեդիա
Օնկոօրթոպեդիան իրենից ներկայացնում է գիտություն, որը գտնվում է ուռուցքաբանության և օրթոպեդիայի հատման կետում: Այն ուսումնասիրում է հենաշարժողական համակարգի ոսկրերի, հոդերի և փափուկ հյուսվածքների ուռուցքների և ուռուցքանման գոյացությունների բուժման խնդիրները:
Փափուկ հյուսվածքների ուռուցքների բուժումը հանդիսանում է ժամանակակից օնկովիրաբուժության ամենաբարդ խնդիրներից մեկը: Այդ հիվանդության ախտորոշման գործում օգտագործվում է ժամանակակից ճառագայթային տեխնոլոգիաների ամբողջ համալիրը` ուռուցքի տեղային տարածման և ավշային համակարգի ախտահարման աստիճանը, ինչպես նաև հեռավոր թիրախ-օրգանների ախտահարումը ախտորոշելու նպատակով:
Ոսկրերի չարորակ նորագոյացությունների բուժումը իրենից ներկայացնում է ժամանակակից ուռուցքաբանության մեջ համեմատաբար նոր էջ: Ներկայումս զգալիորեն ընդարձակվել են ցուցումները օրգանապահպան վիրահատություններ կատարելու ուղղությամբ, որոնք թույլ են տալիս վերացնել գրեթե ցանկացած ոսկրահոդային դեֆեկտները և պահպանել ֆունկցիոնալ առումով լիարժեք վերջույթ, նույնիսկ տարածված ոսկրային ախտահարումների ժամանակ: Այսպիսով, ներկայումս հաշմող վիրահատությունները (ամպուտացիաները և էկզարտիկուլյացիաները) կատարվում են միայն այն ժամանակ, երբ անհնար է կատարել ուռուցքի արմատական հեռացում:
Ծառայության դիմող հիվանդների զգալի մասը՝ երեխաներ և երիտասարդ տարիքի պացիենտներ են, ինչը պայմանավորված է տվյալ տարիքում այս պաթոլոգիայի բարձր հաճախականությամբ։
Ներկայումս «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունում կատարվում են բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները, որոնք կիրառվում են նման խնդիրներ դեպքում.
- Վերջույթների փափուկ հյուսվածքների ուռուցքների օրգանապահպան վիրահատական բուժում:
- Տարածուն փափուկհյուսվածքային ուոուցքների ժամանակ լայնածավալ և կոմբինացված միջամտություններ՝ առաջացած փափուկհյուսվածքային դեֆեկտների պլաստիկ վերականգնումով:
- Ներվիրահատական ուլտրաձայնային հետազոտություն՝ փափուկհյուսվածքային ուռուցքների մնացորդային հանգույցների հայտնաբերման նպատակով:
- Ոսկրերի բարորակ ուռուցքների և ուռուցքանման գոյացությունների վիրահատական բուժում՝ առաջացած ոսկրա-հոդային դեֆեկտների պլաստիկայով սեփական ոսկրի միջոցով և տարբեր տեսակների արհեստական ալլոտրանսպլանտատների օգտագործմամբ:
- Օստեոիդ-օստեոմայի ֆունկցիոնալ խնայողական վիրահատական բուժում նախավիրահատական ուռուցքի օջախի ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա)-նշումով:
- Ոսկրերի չարորակ ուռուցքների վիրահատական բուժում` ախտահարված դեֆեկտների մասնահատմամբ և առաջացած ոսկրա-հոդային դեֆեկտների վերականգնումով՝ անհատական հոդային և դիաֆիզար էնդոպրոթեզների միջոցով:
- Ուռուցքների ժամանակ կոնքազդրային հոդի և ազդրոսկրի մասնահատում՝ անհատական էնդոպրոթեզավորմամբ:
- Ուռուցքների ժամանակ ծնկահոդի և ազդրոսկրի ստորին/ոլոքի վերին հատվածի մասնահատում և ծնկահոդի անհատական էնդոպրոթեզավորմամբ:
- Ուռուցքների ժամանակ ուսահոդի և բազկոսկրի մասնահատում հետագա անհատական էնդոպրոթեզավորմամբ:
- Ոսկրերի դիաֆիզար դեֆեկտների անհատական էնդոպրոթեզավորում:
Ծառայությունում կատարվում են նաև վիրահատություններ պլանային օրթոպեդիկ պաթոլոգիայի կապակցությամբ (էնդոպրոթեզավորում կոքսարթրոզի և գոնարթրոզի կապակցությամբ), ուղղիչ օստեոտոմիաներ ոտնաթաթի առաջին մատի դեպի դուրս թեքման ժամանակ (hallux valgus), օստեոպորոզի կոնսերվատիվ բուժում, ներհոդային հիալուրոնաթթվի ներարկում արթրոզների ժամանակ (viscosupplementation therapy):
Հիվանդությունների ցանկը
Վերջույթների փափուկ հյուսվածքների ուռուցքներ
Տարածուն փափուկ հյուսվածքային ուռուցքներ
Ոսկրերի բարորակ ուռուցքներ և ուռուցքանման գոյացություններ
Ոսկրերի չորորակ ուռուցքներ
