Ծառայության շրջանակում կատարվում են ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, խթաղու և ուղիղ աղու ախտաբանությամբ հիվանդների պլանային վիրաբուժական միջամտություններ, շուրջօրյա ռեժիմով ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն:
Հետվիրահատական հիվանդասենյակները բարձր հարմարավետության են, ապահովված են կենտրոնացված թթվածնի մատակարարումով, շնչառական, ճնշման, սրտի հաճախականության, ԷՍԳ մոնիթորինգի, բուժքույրական շտապ կանչի համակարգերով։
Մասնագետները վերապատրաստվում են Եվրոպայի և Ամերիկայի առաջատար կլինիկաներում
Իրականացվում են բաց և լապարոսկոպիկ-էնդոսկոպիկ վիրահատություններ.
- կերակրափողի ուռուցքային ախտահարումների ժամանակ` կերակրափողի լապարոսկոպիկ հեռացում և նրա փոխարինում ստամոքսային խողովակով,
- ընդլայնված ուռուցքային հիվանդությունների ժամանակ` լիմֆոդիսսեկցիա, ատիպիկ ռեզեկցիաներ, տարբեր հիվանդությունների ժամանակ պացիենտի սնուցումը պահպանելու նպատակով` գաստրոստոմի տեղադրում,
- ենթաստամոքսային գեղձի գլխիկի, մարմնի և պոչի ուռուցքների դեպքերում` դիստալ և պրոքսիմալ մասնահատում (այս վիրահատությունը ներկայում Հայաստանում իրականացնում է միայն պրոֆ. Ա. Ադամյանը),
- լեղուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ` ուռուցքային ախտահարումների ժամանակ,
- բարակ աղիների մասնահատում` մանուալ և գործիքային անաստամոզների տեղադրումով, Էնտերոստոմների դուրսբերում և փակում,
- ուղիղ աղու որովայնա-պերինեալ հեռացում, ուղիղ աղու առաջնային և ցածր մասնահատում ու անաստոմոզի ստեղծում, կոլոստոմների դուրսբերում և փակում,
- բարդ համակցված վիրաբուժական ախտաբանությունների դեպքերում (լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա, ադրենալէկտոմիա և այլն) վիրաբուժական բազմապրոֆիլ թիմը (գինեկոլոգներ, օնկոգինեկոլոգներ, ուրոլոգներ և այլն) համատեղ իրականացնում է վիրահատություններ` միաժամանակ կամ փուլառփուլ։
Ծառայության շրջանակում իրականացվում է կոլոռեկտալ վիրաբուժություն. հաստ աղու քաղցկեղով տառապող ծանր հիվանդների բուժում։
Կատարվում են բացառիկ վիրաբուժական միջամտություններ.
- ուղիղ աղու ուռուցքների համակցված լապարոսկոպիկ և տրանսանալ վիրահատություններ,
- ստամոքսի լապարոսկոպիկ ռեզեկցիա` ուռուցքային ախտաբանությունների ժամանակ,
- լապարոսկոպիկ պանկրեատոդուոդենալ մասնահատում` ենթաստամոքսային գեղձի գլխիկի, լեղածորանի և Ֆատերովյան պտկիկի ուռուցքային ախտահարման ժամանակ: