Ստամոքսի բարիատրիկ վիրահատություն (ստամոքսի փոքրացում)
Բարիատրիկ վիրահատությունը վիրաբուժական բուժման մեթոդ է, որի նպատակն է նպաստել մարմնի ավելորդ քաշի նվազեցմանը և ճարպակալման հետ կապված առողջական խնդիրների վերահսկմանը։ Կախված ընտրված վիրահատության տեսակից՝ միջամտության ընթացքում փոքրացվում է ստամոքսի ծավալը և/կամ փոփոխվում է սննդի անցման ուղին, ինչի արդյունքում պացիենտը ավելի փոքր քանակությամբ սնունդ է ընդունում, ավելի արագ է հագենում, իսկ որոշ վիրահատությունների դեպքում փոխվում են նաև սննդանյութերի ներծծման և ախորժակի կարգավորման մեխանիզմները։
Ստամոքսի փոքրացումը պարզապես քաշի նվազեցման նպատակով իրականացվող վիրահատություն չէ։ Այն կիրառվում է ճարպակալման բուժման համար՝ համապատասխան բժշկական ցուցումների դեպքում և մասնագետների կողմից պացիենտի առողջական վիճակի մանրամասն գնահատումից հետո։
Բարիատրիկ վիրաբուժությունը նախատեսված է այն պացիենտների համար, որոնց մոտ առկա է ճարպակալում, և սննդակարգի, ֆիզիկական ակտիվության կամ այլ ոչ վիրահատական մեթոդների միջոցով չի հաջողվել հասնել բավարար և կայուն արդյունքի կամ քաշի:
Կան բարիատրիկ վիրահատության տարբեր մեթոդներ։ Դրանցից տարածված են ստամոքսի երկայնական մասնահատումը (sleeve gastrectomy), որի ժամանակ հեռացվում է ստամոքսի զգալի մասը և ձևավորվում է նեղ, խողովակաձև ստամոքս, ինչպես նաև ստամոքսի շունտավորման տարբեր մեթոդները (gastric bypass), որոնց դեպքում փոփոխվում է նաև սննդի անցման ուղին։
Վիրահատության տեսակը չի ընտրվում միայն այն սկզբունքով, թե որքան քաշ է ցանկանում նվազեցնել պացիենտը։ Հաշվի են առնվում մարմնի զանգվածի ինդեքսը, տարիքը, ուղեկցող հիվանդությունները, սննդային սովորությունները, նախկինում իրականացված բուժումը և մի շարք այլ գործոններ։
Ե՞րբ են իրականացվում բարիատրիկ վիրահատությունները
Բարիատրիկ վիրահատության անհրաժեշտությունը գնահատվում է անհատապես։ Այն կարող է քննարկվել արտահայտված ճարպակալման դեպքում, հատկապես եթե ավելորդ քաշը կապված է առողջական այլ խնդիրների հետ։
Վիրահատության ցուցում կարող են լինել մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, ճարպակալման երկարատև ընթացքը, ոչ վիրահատական մեթոդներով քաշի կայուն նվազեցման անհաջող փորձերը, ինչպես նաև ճարպակալման հետ կապված հիվանդությունները՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետը, զարկերակային հիպերտենզիան, քնի օբստրուկտիվ ապնոէն, հոդերի գերբեռնվածության հետ կապված խնդիրները և նյութափոխանակության որոշ խանգարումներ։
Բարիատրիկ վիրահատության վերաբերյալ որոշումը կայացվում է բժշկական գնահատումից հետո։ Պացիենտը պետք է նաև պատրաստ լինի վիրահատությունից հետո փոխել սննդակարգն ու կենսակերպը և հետևել բժշկի հետագա ցուցումներին։
Բարիատրիկ վիրահատության հակացուցումները
Վիրահատությունը կարող է հակացուցված լինել կամ հետաձգվել, օրինակ, չվերահսկվող ծանր սիրտ-անոթային կամ շնչառական հիվանդությունների, ակտիվ վարակների, արյան մակարդելիության որոշ ծանր խանգարումների, հղիության, ինչպես նաև որոշ հոգեբուժական վիճակների կամ ալկոհոլային և թմրանյութային կախվածության դեպքում։
Ինչպե՞ս է իրականացվում ստամոքսի փոքրացման վիրահատությունը
Նախքան միջամտությունը պացիենտն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները։ Դրանք կարող են ներառել արյան և մեզի հետազոտություններ, ԷՍԳ, կրծքավանդակի և որովայնի համապատասխան հետազոտություններ, գաստրոսկոպիա և այլ հետազոտություններ՝ ըստ բժշկի ցուցման։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև սրտաբանի, էնդոկրինոլոգի և այլ մասնագետների խորհրդատվություններ։
Բարիատրիկ վիրահատությունները հիմնականում կատարվում են ընդհանուր անզգայացմամբ և լապարոսկոպիկ եղանակով։ Որովայնի պատին կատարվում են մի քանի փոքր կտրվածքներ, որոնց միջոցով ներմուծվում են տեսախցիկը և վիրաբուժական գործիքները։ Լապարոսկոպիկ մոտեցումը սովորաբար կապված է ավելի փոքր վիրահատական վնասվածքի և ավելի արագ հետվիրահատական վերականգնման հետ։
Բարիատրիկ վիրահատությունից հետո վերականգնումը
Վիրահատությունից հետո պացիենտը որոշակի ժամանակ գտնվում է բժշկի հսկողության ներքո։ Առաջին փուլում հատկապես կարևոր են վաղ ակտիվացումը, հեղուկների բավարար ընդունումը և բժշկի կողմից սահմանված սննդակարգի պահպանումը։
Սննդակարգը վերականգնվում է աստիճանաբար։ Սկզբնական շրջանում ընդունվում է հեղուկ սնունդ, այնուհետև՝ փափուկ և հետո արդեն սովորական կառուցվածք ունեցող սնունդ՝ փոքր չափաբաժիններով։ Այս փուլերի տևողությունը և սննդակարգը սահմանվում են անհատապես։
Բարիատրիկ վիրահատությունից հետո անհրաժեշտ է ոչ միայն նվազեցնել սննդի քանակը, այլև ձևավորել նոր սննդային սովորություններ։ Որոշ վիրահատություններից հետո կարող է անհրաժեշտ լինել վիտամինների, հանքանյութերի և այլ սննդային հավելումների ընդունում։ Պարբերական բժշկական հսկողությունը կարևոր է քաշի փոփոխությունը, սննդային վիճակը և ուղեկցող հիվանդությունների ընթացքը գնահատելու համար։
Բարիատրիկ վիրահատություն «Նաիրի» բժշկական կենտրոնում
«Նաիրի» բժշկական կենտրոնում բարիատրիկ վիրահատությունից առաջ իրականացվում է պացիենտի առողջական վիճակի համալիր գնահատում՝ վիրահատության ցուցումները, հնարավոր հակացուցումները և տվյալ պացիենտի համար համապատասխան մեթոդը որոշելու նպատակով։
Կենտրոնում հասանելի են անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները, մասնագետների խորհրդատվությունները, վիրաբուժական բուժումը և հետվիրահատական հսկողությունը։ «Նաիրի» բժշկական կենտրոնում բարիատրիկ միջամտություններն իրականացվում են լապարոսկոպիկ եղանակով, որի շնորհիվ պացիենտները չեն ունենում հետվիրահատական բարդություններ, և շատ արագ վերադառնում են իրենց բնականոն կյանքին։
Եթե հետաքրքրում է բարիատրիկ վիրահատություն, ստամոքսի փոքրացում և տվյալ վիրահատության մասին ընդհանուր տեղեկատվություն, ապա կարող եք զանգահարել 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք: Ստամոքսի բարիատրիկ վիրահատության գինը ճշտելու համար անհրաժեշտ է դիմել «Նաիրի» բժշկական կենտրոն, քանի որ վերջնական արժեքը որոշվում է անհատապես։
Հաճախ տրվող հարցեր
Բարիատրիկ վիրահատությունը ճարպակալման բուժման վիրաբուժական մեթոդ է։ Կախված վիրահատության տեսակից՝ փոքրացվում է ստամոքսի ծավալը և/կամ փոփոխվում սննդի անցման ուղին։ Արդյունքում պացիենտն ավելի փոքր քանակությամբ սնունդ է ընդունում, իսկ որոշ մեթոդների դեպքում փոփոխվում են նաև հագեցվածության, ախորժակի և նյութափոխանակության վրա ազդող մեխանիզմները։
Ստամոքսի բարիատրիկ վիրահատության գինը կախված է ընտրված վիրահատության մեթոդից, պացիենտի առողջական վիճակից, նախավիրահատական հետազոտություններից և բուժման անհրաժեշտ ծավալից։ Նույն պատճառով ստամոքսի փոքրացման գինը բոլոր պացիենտների համար նույնը չէ։ Ճշգրիտ արժեքը հնարավոր է որոշել համապատասխան խորհրդատվությունից և անհրաժեշտ հետազոտություններից հետո։
Քաշի նվազման չափը անհատական է և կախված է սկզբնական քաշից, վիրահատության տեսակից, սննդակարգի պահպանումից, ֆիզիկական ակտիվությունից և օրգանիզմի առանձնահատկություններից։ Բժիշկը կարող է վիրահատությունից առաջ գնահատել սպասվող քաշի նվազումը՝ ելնելով ընտրված մեթոդից և պացիենտի տվյալներից։
Ակտիվ ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցի դեպքում սովորաբար նախ անհրաժեշտ է բուժել խոցային հիվանդությունը և պարզել դրա պատճառը։ Բուժումից և վերահսկիչ հետազոտությունից հետո բարիատրիկ վիրահատության հնարավորությունը գնահատվում է կրկին։ Խոցի առկայությունը կարող է ազդել նաև վիրահատության համապատասխան մեթոդի ընտրության վրա, ուստի որոշումը կայացնում է վիրաբույժը՝ գաստրոսկոպիայի և մյուս հետազոտությունների արդյունքների հիման վրա։
Հեղինակ՝
Թարմացվել է՝
26 հոկտեմբերի 2026, 09:56Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Ստամոքսի բարիատրիկ վիրահատություն (ստամոքսի փոքրացում)
- ▸ Փայծաղի հեռացում
- ▸ Գլաուկոմայի բուժում
- ▸ Շլության շտկում
- ▸ Անոթային վիրաբուժություն, լիմֆոլոգիա
- ▸ Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժություն
- ▸ Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն
- ▸ Թորակալ վիրաբուժություն
- ▸ Օնկոօրթոպեդիա
- ▸ Գլխի և պարանոցի վիրաբուժություն
