Գլխավոր / Լուրեր / Հայ բժիշկներն առաջին անգամ կատարել են 2 հոդերի միաժամանակյա փոխարինում

Լուրեր

Հայ բժիշկներն առաջին անգամ կատարել են 2 հոդերի միաժամանակյա փոխարինում

15 Օգոստոս 2023 | Լուրեր | Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա | Հրաչյա Գևորգի Հարությունյան

Հիսունամյա Աննա Ալոյանը կոնքազդրային երկու հոդերի միաժամանակյա փոխարինման վիրահատության հաջորդ իսկ օրը ոտքի է կանգնել, իսկ երկու ամիս անց ապրում է առանց ցավի լիարժեք կյանքով՝ հանգիստ քայլում է, մեքենա վարում, թոռնիկին պահում։

Կինը դիմել էր «Նաիրի» բժշկական կենտրոն հոդերի սաստիկ ցավի խնդրով։ Ասում է՝ տասը տարի ապրել է այդ ցավով, օրը 24 ժամ զգալով այն։ Բայց խնդիրն ավելի հին նախապատմություն ունի։ Քսան տարի առաջ, հետծննդաբերական փուլում կնոջ մոտ հոդերի մաշվածություն էր առաջացել, որը խորացել էր տարիների ընթացքում, դառնալով երրորդ աստիճանի արթրոզ։ Նա տարբեր բժիշկների է դիմել, տարատեսակ դեղամիջոցներ է օգտագործել, անգամ արտասահմանյան բուժկենտրոններ է այցելել, բայց հրաժարվել է վիրահատվել, քանի որ բոլոր տեղերում նրան բարդ, երկարատև ճանապարհ էին առաջարկում՝ վիրահատել մեկ հոդը, որից հետո մի քանի ամիս անցնել վերականգնողական շրջան, հետո՝ մյուս հոդը, ու կրկին մի քանի ամիս՝ վերականգնողական փուլ:


«Նաիրի» ԲԿ–ի «Կոքսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանի մոտ Աննա Ալոյանը եկել է ծանոթների խորհրդով։ «Հենց առաջին հանդիպումից, մտել եմ կաբինետ, իր այդ ժպիտը տեսնելով, «բարև Ձեզից» սկսած, հասկացել եմ, որ գտել եմ իմ բժշկին», – ասում է նա։ Նշում է նաև, որ Հրաչյա Հարությունյանը հիանալի  թիմ ունի՝ բժիշկները երիտասարդ են և իրենց գործի գիտակ։

Կնոջ խնդիրը քննարկելով, «Կոքսայի» բժիշկները որոշել են երկու հոդը վիրահատել միաժամանակ։ Օրթոպեդ–վնասվածքաբան Հրաչյա Հարությունյանն ասում է. երկկողմանի դեպքեր շատ են լինում, բայց հայ մասնագետները երկու հոդի միաժամանակյա վիրահատություն առաջին անգամ են կատարել։ Նման մի դեպք ունեցել են տասը տարի առաջ, սակայն վիրահատությունը կատարել էր ԱՄՆ-ից հրավիրված մասնագետը։

«Սա ունիկալ դեպք է Հայաստանի համար։ Վիրահատությունը, որը տևել է 3.5 ժամ, անցել է հարթ և լավ։ Հիվանդը վիրահատությունից երեք-չորս օր անց արդեն տանն էր, երկրորդ օրն արդեն ոտքի վրա էր, իսկ վիրահատությունից ամիս ու կես հետո հանել ենք հենակները։ Հիմա երկու ամիս է անցել, պացիենտը իրեն շատ լավ է զգում, տրամադրությունը՝ բարձր, ցավեր չունի, ամեն ինչ լավ է»,- ասում է բժիշկը։


Աննա Ալոյանն ասում է՝ իր բոլոր կասկածներն ու մտահոգությունները փարատվել են բժշկի վստահ խոսքի ու նաեւ իր հարազատների դրական տրամադրվածության ու աջակցության շնորհիվ։

«Իմ խորհուրդն է նմանատիպ խնդիր ունեցող մարդկանց․ առաջինը՝ գտեք Ձեր բժշկին, հավատացեք նրան, որպեսզի հետո կարողանաք հավատալ ինքներդ Ձեզ, և վստահ լինեք Ձեր հետագա քայլերում, ինչպես արել եմ ես։ Արդեն անցել է երկու ամիս, ես ապրում եմ լիարժեք կյանքով։ Այսօր ես երջանիկ մարդ եմ»,-ասում է կինը։

Բժշկի խոսքով՝ վիրահատական նման մոտեցումը պացիենտին արագ վերականգնվելու և ժամանակը խնայելու հնարավորություն է տալիս։ Ամբողջական ապաքինումը ոչ թե 5-6 ամիս է տևում, այլ ընդամենը ամիս ու կես։ Սակայն հավելում է, որ ամեն երկկողմանի արթրոզ ունեցող հիվանդի դեպքում չէ, որ հնարավոր է երկու հոդը միաժամանակ վիրահատել։ Դա ցուցված է միայն այն դեպքում, երբ մարդու առողջական վիճակը համապատասխանում է որոշակի պահանջներին։ 


«Հույս ունեմ, որ սա ընդամենը սկիզբն է և մենք այս տիպի վիրահատությունները մոդուս ենք դարձնելու, որովհետև դրանք ունեն ահռելի մեծ դրական կողմ»,- ասում է Հրաչյա Հարությունյանը:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն