Ռոբոտային վիրաբուժության հարավկորեական փորձը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում
«Կոքսա» կլինիկայի բժշկական թիմը մասնագիտական այցով մեկնել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ՝ ուսումնասիրելու ծնկան և կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորման ոլորտում ռոբոտային վիրաբուժության նորագույն տեխնոլոգիաներն ու միջազգային առաջատար փորձը։
Այցի ընթացքում մասնագետները BUMIN և EUMC բժշկական կենտրոններում ներկա են գտնվել ռոբոտային համակարգի աջակցությամբ իրականացվող ծնկան և կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններին՝ ծանոթանալով վիրահատական գործընթացին և կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին։
Մասնագիտական այցի առանցքային փուլերից էր CUREXO ընկերությունում CUVIS ռոբոտային վիրաբուժական համակարգի կիրառման մասնագիտացված վերապատրաստումը, որին մասնակցել են «Նաիրի» ԲԿ «Կոքսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանը և օրթոպեդ-վնասվածքաբան Նորայր Համբարձումյանը։ Վերապատրաստման ավարտին մասնագետներին տրվել են համապատասխան հավաստագրեր։
Ռոբոտային վիրաբուժությունը նոր բարձր մակարդակի է հասցնում հոդերի էնդոպրոթեզավորումը՝ հնարավորություն տալով առավել ճշգրիտ պլանավորել վիրահատությունը, բարձրացնել իմպլանտի տեղադրման ճշգրտությունն ու ապահովել վիրաբույժի գործողությունների տեխնոլոգիական աջակցությունը։
Եվ ամենակարևորը՝ շուտով «Նաիրի» բժշկական կենտրոնը կհամալրվի CUVIS նորագույն ռոբոտային վիրաբուժական համակարգով՝ Հայաստանում ծնկան և կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորման նոր հնարավորություններ ստեղծելով։
