Գլխավոր / Լուրեր / Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր

Լուրեր

Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր

19 Սեպտեմբեր 2022 | Լուրեր | Մամոգրաֆիա

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով:

Ե՞րբ է պետք կատարել մամոգրաֆիա:

Սքրինինգային մամոգրաֆիա կատարվում է 40-ից բարձր տարիքային խմբի կանանց մոտ, իսկ ախտորոշիչ մամոգրաֆիա կարող է կատարվել նաև 40-ից ցածր տարիքային խմբում, եթե ՈՒՁ հետազոտությամբ հայտնաբերված գոյացությունների և փոփոխությունների տարբերակման անհրաժեշտություն կա:

Ո՞ր տարիքից է իրականացվում մամոգրաֆիա:

35-ից մինչև 40 տարեկանը կատարվում է առաջին բազիսային մամոգրաֆիան: 40 և բարձր տարիքային խմբի կանայք տարին մեկ անգամ պետք է անցնեն սքրինինգային մամոգրաֆիա:

Մինչև 40 տարեկանը հետազոտությունն անցնելու ի՞նչ ցուցումներ կան:

Մինչև 40 տարեկանը հետազոտությունն անցնելու ցուցումներ են՝ կնոջ մոտ գոյացության առկայությունը, կամ ՈՒՁ հետազոտությամբ որևէ փոփոխության հայտնաբերումը:

Որքա՞ն հաճախ դիմել հետազոտության, եթե հարազատների շրջանում «կրծքագեղձի ուռուցք» է ախտորոշվել:

Ժառանգականության մեջ կրծքագեղձի ուռուցքի (մայր, հայր, մորաքույր, հորաքույր, տատիկ, քույր) առկայության դեպքում 25 տարեկանից անհրաժեշտ է կրծքագեղձի հետազոտություններ կատարել. մինչև 40 տարեկանը` ՈՒՁՀ, իսկ 40-ն անց կանայք ամեն տարի պետք է անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն:

Ժառանգական նախատրամադրվածության դեպքում՝ վաղ տարիքային խմբերում, ՈՒՁՀ փոխարեն նպատակահարմար է կատարել կրծքագեղձերի ՄՌՏ, քանի որ կրծքագեղձերն այդ ժամանակ խիտ կառուցվածք ունեն:

Եթե որևէ գանգատ չկա, որքա՞ն հաճախ անցնել հետազոտությունը:

Ըստ ամերիկյան Ռադիոլոգների ասոցիացիայի ուղեցույցների, մամոգրաֆիա անհրաժեշտ է կատարել տարին մեկ անգամ՝ 40-ից բարձր տարիքային խմբում, իսկ մինչև 40 տարեկանը` տարին մեկ անգամ` ՈՒՁՀ:

Կարելի՞ է մամոգրաֆիա անցնել հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ:

Հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ մամոգրաֆիա չի կատարվում, իրականացվում է ՈՒՁՀ, իսկ անհրաժեշտության դեպքում` ՄՌՏ:

Կարելի՞ է մամոգրաֆիա անցնել կրծքագեղձերում սիլիկոնային իմպլանտների առկայության դեպքում:

Իմպլանտի տեղադրումից հետո մինչև մեկ տարի մամոգրաֆիկ հետազոտությունը հակացուցված է, քանի որ այն իրականացվում է կրծքագեղձի սեղմումով, որը կարող է վնասել իմպլանտը: Մեկ տարի անց,վերբ արդեն ձևավորված է ֆիբրոզ պատիճը, մամոգրաֆիկ հետազոտությունը հակացուցված չէ:

Մամոգրաֆիան չի՞ վնասում կնոջ առողջությունը:

Ո՛չ:

Հետազոտությունը ցավո՞տ է:

Հետազոտության ժամանակ՝ առավելագույն հստակ պատկեր ստանալու նպատակով, իրականացվում է գեղձի սեղմում, որը որոշ ցավային զգացողություն է առաջացնում: Սակայն ներկայում կիրառվող նորագույն սարքերն օժտված են նուրբ սեղմվածության հնարավորությամբ` նվազեցնելով ցավային ազդեցությունը:

Ի՞նչ հակացուցումներ կան:

Հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ մամոգրաֆիան հակացուցված է: Սակայն, որոշ դեպքերում` խիստ ցուցումով, կերակրման շրջանում կատարվում է մամոգրաֆիա: Պարզապես, հետազոտությունից հետո, կինը կթիչով պետք է դատարկի կուրծքը:

Որո՞նք են մամոգրաֆիայի առավելություններն ու ռիսկերը:

Հետազոտությունը գործնականում որևէ ռիսկ չունի: Առավելությունն այն է, որ թույլ է տալիս կրծքագեղձում հայտնաբերել դեռևս չշոշափվող փոքր գոյացությունները:

Ի՞նչ թերություններ ունի մամոգրաֆիան:

Խիտ գեղձային կառուցվածքը նվազեցնում է մամոգրաֆիայի հստակությունը: Նման դեպքերում օգնության են գալիս ՈՒՁՀ և ՄՌՏ հետազոտությունները:

ՈՒՁՀ, թե՞ մամոգրաֆիա. ո՞րն է նախընտրելի:

Հետազոտության նախընտրությունը կախված է տարիքային խմբից և կրծքագեղձի կառուցվածքից: Երիտասարդ կանանց մոտ գեղձը խիտ կառուցվածք ունի և ՈՒՁՀ-ն առավել նախընտրելի է: 40-ից բարձր տարիքում կատարվում են երկուսը միասին, քանի որ յուրաքանչյուրն ունի իր առավելությունները և, միմյանց լրացնելով, զգալի բարձրացնում են հետազոտության արդյունավետությունը:

Դաշտանային ցիկլի որերո՞րդ օրն է իրականացվում:

Նախընտրելի է հետազոտությունն իրականացնել դաշտանային ցիկլի առաջին կեսում, քանի որ երկրորդ կեսի ընթացքում կուրծքը դառնում է զգայուն, և կարող է ցավային զգացողությունն ավելի արտահայտվել: Ընդհանուր առմամբ, մամոգրաֆիան կարելի է կատարել ամբողջ ցիկլի ընթացքում: Դաշտանային ցիկլի որևէ շրջանում հետազոտության ճշգրտության նվազում չի դիտվում:

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:

Հետազոտության համար նախապես պատրաստվելու կարիք չկա:

Ի՞նչ հետազոտություններով ներկայանալ մամոլոգին:

Անհրաժեշտ է ներկայացնել նախկին հետազոտությունների արդյունքները, հատկապես, եթե առկա են սկավառակային տարբերակները: 

Հետազոտությունների համեմատական գնահատականը, հատկապես սքրինինգային հետազոտությունների ժամանակ, բարձրացնում է մամոգրաֆիկ հետազոտության արդյունքների հստակությունը և օգնում ախտորոշման հարցում:

Ի՞նչ է սքրինինգային հետազոտությունը և որքա՞ն հաճախ կարելի է անցնել:

Սքրինինգային կոչվում են այն հետազոտությունները, որոնք կատարվում են առողջ կանանց մոտ, և հնարավորություն տալիս հայտնաբերել գեղձում առկա փոքր փոփոխություններն ու ուռուցքները դեռևս վաղ, չշոշափվող շրջանում: Առաջին մամոգրաֆիկ հետազոտությունը կատարվում է 35-40 տարեկանում: 40-ն անց կանանց մոտ այն իրականացվում է ամեն տարի:

Ինչո՞վ է տարբերվում ախտորոշիչ մամոգրաֆիան սքրինինգայինից:

Սքրինինդային մամոգրաֆիան առողջ կնոջ հետազոտություն է, ով գանգատ չունի: Ախտորոշիչ հետազոտությունը կատարվում է գանգատների առկայության դեպքում և ըստ ցուցումների:

Ինչպե՞ս է իրականացվում մամոգրաֆիան:

Մամոգրաֆիայի ժամանակ հետազոտվում է երկու կուրծքը` 4 ստանդարտ դիրքերով:

Մամոգրաֆիկ հետազոտությունը տևում է մոտավորապես 5 րոպե, իսկ ՈՒՁՀ-ի հետ համատեղ այն չի գերազանցում 30 րոպեն: 

Սքրինինգային հետազոտության ժամանակ մամոգրաֆիան կատարվում է ստանդարտ պրոյեկցիաներով՝ առանց հավելյալ հետազոտությունների: Ախտորոշիչ հետազոտության դեպքում պատադիր է նաև տոմոսինթեզը:

Ի՞նչ է տոմոսինթեզը:

Տոմոսինթեզը շերտավոր նկար է: Այն ստացվում է խողովակի անկյունային շարժման արդյունքում` թույլ տալով ստանալ փոփոխությունների առավել հստակ պատկերներ:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն