Գլխավոր / Լուրեր / Տեսողության լազերային շտկում

Լուրեր

Տեսողության լազերային շտկում

15 Հուլիս 2024 |Լուրեր | Ակնաբուժություն | Ելենա Կարենի Մաթևոսյան

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում՝

  • կարճատեսություն (0,5-ից մինչև մինուս 12.0 դիոպտրիա)
  • հեռատեսություն (0,5-ից մինչև 6 դիոպտրիա)
  • աստիգմատիզմ (մինչև -6.0 դիոպտրիա)

Եթե նման խնդիր ունեցող պացիենտը դիմում է մասնագետին, ապա նրան հետազոտում են ախտորոշումը հաստատելու համար, համոզվում, որ վիրահատության համար հակացուցումներ չկան, ընտրվում է կոնկրետ նրա համար բուժման ամենահարմար մեթոդը։

Այսօր լազերային շտկման ամենաարդյունավետ և տարածված մեթոդները ներառում են ֆոտոռեֆրակցիոն կերատեկտոմիա (PRK), LASIK-ը, Femto LASIK-ը և այլն: Տեսողության լազերային շտկման այս և մնացած բոլոր ժամանակակից տեսակները հաջողությամբ կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում. այստեղ աշխատում են նաև բարդ դեպքերի հետ, և արդյունքները սովորաբար գերազանցում են բոլոր սպասելիքները։  Յուրաքանչյուր բուժառու ստանում է անհատական մոտեցում:


Ո՞ւմ է հակացուցված տեսողության լազերային շտկումը

Տեսողության լազերային շտկման հիմնական հակացուցումներից մեկը, ինչպես նշեց Ելենա Մաթևոսյանը, կերատոկոնուսն է։ Դա դեգեներատիվ, ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է կառուցվածքային փոփոխությունների պատճառով։

Պացիենտի տարիքը չի համարվում հակացուցում, իրականացնել կարելի է 18տ սկսած սակայն ընդունված է շտկումը կատարել  20-45 տարեկան հասակում բացառիկ դեպքերում՝ մինչև 50-55 տարեկանը։ Սակայն, ինչպես նշեց մասնագետը, երբեմն տարեց բուժառուների մոտ նման շտկման անհրաժեշտություն է առաջանում կատարակտի վիրահատությունից հետո։

Հղիություն եւ տեսողության շտկում

Տեսողության լազերային շտկման մասին բավականին միֆեր կան՝ չնայած հասանելի տեղեկության առատությանը: Հետաքրքիր է, որ առասպելներից շատերը վերաբերում են հղիությանը և ծննդաբերությանը: Ըստ այդմ, ենթադրվում է, որ տեսողության շտկում չի կարելի անել հղիությունից առաջ: Կարծիք կա նաև, որ շտկումից հետո ծննդալուծման եղանակ ընտրվում է կեսարյան հատումը։

Ո՞րն է իրականությունը

Ինչպես նշեց մասնագետը, շտկումը չի կարելի կատարել հղիության ընթացքում և երեխայի ծնվելուց անմիջապես հետո, քանի որ այս ընթացքում օրգանիզմի վերականգնողական կարողությունները նվազում են։ Ուստի նպատակահարմար է լազերային վիրահատությունը կատարել կա՛մ նախքան պլանավորված հղիությունը (բայց հաշվարկել ժամանակը, որպեսզի օրգանիզմը վերականգնելու ժամանակ ունենա), կա՛մ երեխայի ծնվելուց մեկ տարի անց։

Ինչ վերաբերում է առասպելին, թե տեսողության լազերային շտկումից հետո չի կարելի ծննդաբերել բնական եղանակով, դա իրականությանը չի համապատասխանում։ Բանն այն է, որ լազերային շտկումը կատարվում է աչքի եղջերաթաղանթի վրա, իսկ կեսարյան հատման ցուցում են համարվում ցանցաթաղանթի պաթոլոգիաները։ Ցանցաթաղանթի որոշ պաթոլոգիաներ նույնպես կարելի է շտկել ժամանակակից մեթոդներով, որից հետո կարելի է ծննդաբերել բնական ճանապարհով։

Որոշ դեպքերում բնական ծննդաբերության հակացուցում կարող է լինել նաև շատ բարակ եղջերաթաղանթը։ Սակայն նախկինում կատարված լազերային շտկումն ինքնին, ըստ մասնագետի, կեսարյան հատման ցուցում չէ:

 

 


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն